Թեհրանը տեղեկացրել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությանը (IMO), որ ոչ թշնամական երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով՝ «համաձայնեցնելով Իրանի իշխանությունների հետ», ասվում է Լոնդոնում գտնվող կազմակերպության անդամների կողմից ստացված նամակում, որից հատվածներ են հրապարակվել Financial Times-ի կողմից։
Ըստ թերթի՝ փաստաթղթում նշվում է, որ Իսլամական Հանրապետությունը ձեռնարկել է «անհրաժեշտ և համաչափ միջոցներ՝ ագրեսորներին և նրանց կողմնակիցներին կանխելու համար, որպեսզի նրանք չօգտագործեն Հորմուզի նեղուցն Իրանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար»։
Ըստ Financial Times-ի՝ Թեհրանը նամակում նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերը, ինչպես նաև «ագրեսիայի մյուս կողմերը», «ոչ թշնամական անցման» իրավունք չունեն Պարսից ծոցն Օմանի ծոցի և այնուհետև Հնդկական օվկիանոսի հետ կապող նեղուցով։
Իրանն սպառնացել էր ականապատել Պարսից ծոց տանող ծովային բոլոր ուղիներն ԱՄՆ-ի ցամաքային գործողության դեպքում։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։





































