Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի մահը:
«Իմ սիրելի գործընկերների՝ Իսմայիլ Խատիբի, Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և Պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքի որոշ անդամների և նրանց ուղեկցողների վախկոտ սպանությունը մեզ սգի մեջ է գցել»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում:
Նույն օրը N12-ը հաղորդել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը փորձել են սպանել Խատիբին: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հետագայում հաստատել է, որ Խատիբն սպանվել է Թեհրանի վրա Իսրայելի հարվածի ժամանակ:
Մարտի 17-ին հայտնի էր դարձել ԱՄՆ-իսրայելական հարձակման ժամանակ Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան մասին: Իրանը հայտարարել էր Իսրայելի դեմ հրթիռային հարվածների նոր ալիքի մասին՝ դրանք անվանելով Լարիջանիի մահվան պատասխան:
Էսկալացիայի ֆոնին մարտի 18-ի գիշերը Թել Ավիվում մի շարք պայթյուններ էին գրանցվել: Իսրայելական իշխանությունների տվյալներով՝ Իրանի կողմից հրթիռային հարվածի հետևանքով զոհվել էր երկու մարդ, վնասվել էր քաղաքի կենտրոնում գտնվող գնացքի կայարանը: Իրանական լրատվամիջոցները նաև հաղորդել էին Լարիջանիի որդու մահվան մասին: Լարիջանիի, «Բասիջ» զորքերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի և ԱՄՆ-ի կողմից խորտակված «Դենա» նավի նավաստիների հուղարկավորությունը տեղի կունենա Թեհրանում։






































