Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ իրավիճակի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Կողմերը մտահոգություն են հայտնել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։
Նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումն այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես պատմական։
Միրզոյանը երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և, հատկապես, ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցն արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի երկրների հետ։
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթի կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։
Միրզոյանը և Ալ-Բուսաիդինն ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Հակամարտությունից տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները։





































