Խորհրդարանում կառավարություն հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Իրանում հակամարտության սկսվելուց հետո Մերձավոր Արևելքի տարածաշրջանից ՀՀ քաղաքացիների տարհանման կազմակերպման մասին։
Նա բացատրել է, որ կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների տեղափոխումն ԱՄԷ-ից Օման, որտեղից չվերթեր են մեկնում դեպի Երևան։ Նախարարի խոսքով՝ կառավարությունը վճարում է ԱՄԷ-ից Օմանի Մասկատ օդանավակայան ավտոբուսով տեղափոխման համար, իսկ Արտաքին գործերի նախարարությունը նաև զբաղվել է անհրաժեշտ փաստաթղթերի և թռիչքի թույլտվությունների հարցերով։
Մեկնաբանելով տարհանման չվերթերի տոմսերի գների բարձրացման մասին հաղորդագրությունները՝ Միրզոյանը նշել է, որ կառավարությունը քննարկումներ է ունեցել ավիաընկերությունների հետ այս հարցի վերաբերյալ։ Նա նաև ասել է, որ այս հատուկ չվերթերը, տարածաշրջանի փակ օդային տարածքի պատճառով, իրականացվում են ավելի երկար երթուղիներով, ինչը նշանակում է ավելի բարձր ծախսեր ավիաընկերությունների համար։ Նրա խոսքով՝ մեկ թռիչքի ինքնարժեքը 170 000 դոլար է։
Նախարարը հավելել է, որ նրանք հիմնականում զբոսաշրջության նպատակով ճանապարհորդող քաղաքացիներ են։
«Եթե մի մարդ, ով համարյա մեկ ամիս է՝ Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է տեղադրել, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, տոմս կարող է գնել։ Ինչի՞ մասին է խոսքը»,- նշել է Միրզոյանը՝ կառավարության կողմից տոմսերի վճարման պահանջն անվանելով «ոչ արդար»։
Նա հավելել է, որ եթե ներգրավված լինեն սոցիալական այլ շերտերի ներկայացուցիչներ, կառավարությունը կքննարկի տոմսերի վճարման հարցը։
Միրզոյանը հայտնել է, որ երեկ և այսօր կազմակերպված չվերթերով 110 ՀՀ քաղաքացի արդեն վերադարձել է հայրենիք, իսկ առաջիկա օրերին Մասկատից դեպի Երևան նախատեսված է ևս մի քանի չվերթ։ Նա կարծիք է հայտնել Դուբայից և Աբու Դաբիից ապագայում չվերթերը վերսկսելու հնարավորության վերաբերյալ։
Նախարարը նաև տեղեկություններ է տրամադրել տարածաշրջանի տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին։ Նրա խոսքով՝ Իսրայելում կա 15 քաղաքացի, որոնցից 5-ը մշտական կապի մեջ են և ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Քուվեյթում կա 17 ՀՀ քաղաքացի, որոնք նույնպես ցանկանում են վերադառնալ, բայց ներկայումս նրանց տարհանման իրատեսական ուղիներ չկան։ ՀՀ 2 քաղաքացի գտնվում է Օմանում, բայց նրանք դեռևս ցանկություն չեն հայտնել վերադառնալու։ Բացի այդ, Լիբանանում գտնվող համույթը վերադարձել է։
Միրզոյանը հավելել է, որ Հնդկաստանում գտնվում է շուրջ 117 ՀՀ քաղաքացի, որոնք այնտեղ են զբոսաշրջային նպատակներով և միջոցառումների շրջանակում, իսկ Վիետնամում կա 1 ՀՀ քաղաքացի, որը Բահրեյնում ունի մշտական կացության իրավունք և չի ցանկանում վերադառնալ։
Միրզոյանի խոսքով՝ դեսպանությունները մշտական կապի մեջ են քաղաքացիների հետ, այդ թվում՝ թեժ գծերի միջոցով, և յուրաքանչյուր դեպքի համար փորձում են գտնել վերադարձի հնարավոր ուղիներ։
ԱՄԷ քաղաքներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մասկատից Երևան առաջին թռիչքը կայացել էր մարտի 3-ի առավոտյան։
Մարտի 4-ին ԱԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ մարտի 3-ին երկրորդ չարտերային չվերթով Օմանի մայրաքաղաք Մասկատից Երևան էր ուղևորվել 115 ուղևոր:



































