Իրանի ռազմածովային ուժերի «Դենա» նավը, որը վերադառնում էր Հնդկաստանում անցկացված «Միլան 2026» միջազգային զորավարժություններից, խորտակվել է Շրի Լանկայի ջրերում, ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում, գրում է The Independent-ը։
Կայքի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով առնվազն 101 մարդ համարվում է անհետ կորած, ևս 78-ը՝ վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Հիմնական պատճառ է նշվում ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի հարձակումը։ Տեղեկությունը գործակալությանը հաստատել են Շրի Լանկայի ռազմածովային ուժերի և Պաշտպանության նախարարության աղբյուրները։
Շրի Լանկայի զինված ուժերը փրկել են առնվազն 32 ծանր վիրավոր նավաստիների Իրանի խորտակված IRIS Dena ֆրեգատից։ Այդ մասին երկրի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Վիջիթա Հերաթը։ Վերջինս հավելյալ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ Շրի Լանկան «կձեռնարկի համապատասխան քայլեր»։
Պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով՝ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկարարական գործողություն են սկսել նավից ստացված աղետի ազդանշանից հետո։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նավն աղետի մասին ազդանշան է փոխանցել երկրի հարավում գտնվող Գալլե քաղաքի ափերի մոտ։ Վիրավորները տեղափոխվել են Գալլեի ազգային հիվանդանոց։
Անվտանգության ուժերը հսկում են հիվանդանոցի մուտքը, իսկ շտապօգնության մեքենաները մուտք են գործում Շրի Լանկայի հարավային ռազմածովային շտաբակայան։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։






































