ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է աջակցել իրանական խմբավորումներին, որոնք պատրաստ են զենք վերցնել՝ Իրանի ներկայիս կառավարությանը տապալելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների:
Աղբյուրների համաձայն՝ Թրամփը մարտի 1-ին բանակցություններ էր վարել քուրդ առաջնորդների հետ և շարունակում է շփվել այլ առաջնորդների հետ, ովքեր կարող են օգտագործել Թեհրանի թուլությունը՝ հաջողության հասնելու համար:
Հրատարակությունը նշում է, որ քրդերն զգալի ուժեր ունեն Իրան-Իրաք սահմանի երկայնքով, և Իսրայելի հարվածներն արևմտյան Իրանում խթանել են ենթադրությունները, որ Իսրայելը հող է նախապատրաստել քրդական հարձակման համար: Նշվում է նաև, որ իրանական խմբավորումներին աջակցելու գաղափարի իրականացումը կարող է դրանք վերածել «ցամաքային ուժերի՝ գոնե հռետորական առումով, որոնց աջակցում է Վաշինգտոնը»:
Axios-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփը մարտի 1-ին հեռախոսազրույցում քննարկել էր Իրանի դեմ պատերազմն Իրաքի քուրդ առաջնորդների՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանիի և հայրենասիրական միության առաջնորդ Բաֆել Թալաբանիի հետ:
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ այս զանգերն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից «ամիսներ շարունակ կուլիսային լոբբինգի գագաթնակետն էին»: Նշվում է, որ Իսրայելը տասնամյակներ շարունակ սերտ անվտանգության և հետախուզության կապեր է պահպանել Սիրիայի, Իրաքի և Իրանի քրդերի հետ։





































