ՀՀ ֆինանսների նախարարությունը վերանայել է քաղաքացիների անձնական փոխանցումների հայտարարագրման պահանջները՝ բարձրացնելով չհարկվող շեմը նախկին 300 հազար դրամից մինչև 1 մլն դրամ, հայտնել է նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները քաղաքացիները կարող էին չհայտարարագրել, ապա նոր որոշմամբ՝ այդ շեմը բարձրացվել է, սահմանվել է 1 մլն դրամ։
Անդրադառնալով աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների միջև փոխանցումներին՝ Ալեքսանյանը հիշեցրել է, որ 2025 թվականի հոկտեմբերին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն:
«Եթե փոխանցողը և ստացողն ընտանիքի անդամներ են, այդ եկամուտը մի կողմից հարկվող չէ, մյուս կողմից՝ հայտարարագրման ենթակա չէ: Այս կարգավորումը սահմանվել է օրենսդրական մակարդակում և մնում է ուժի մեջ»,- ընդգծել է Ալեքսանյանը:
Անդրադառնալով կենսաթոշակառուների հայտարարագրմանը՝ նա նշել է, որ դրանք եկամուտ են, սակայն համակարգն ինքնաշխատ է աշխատում, ուստի ՊԵԿ-ն ինքնուրույն կստանա տեղեկատվությունը և կլրացնի հայտարարագիրը: Կենսաթոշակառուն ստիպված կլինի հայտարարագրել միայն այն դեպքում, եթե ունի այլ եկամուտներ, օրինակ՝ բնակարանի վարձակալությունից կամ այլ գործարքներից:
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն խմբերը, որոնք համարվել են վարձու աշխատող։






































