Եվրամիությունը չի հետաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրումը, նույնիսկ եթե G7-ի երկրները չկարողանան համաձայնության գալ, հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, փոխանցում է Euronews-ը։
Նա նշել է, որ G7-ի հետ համակարգումը ցանկալի, բայց պարտադիր չէ։ ԵՄ-ն պատրաստ է ինքնուրույն հաստատել ռուսական նավթատարներին ծովային ծառայություններ մատուցելու լիակատար արգելքը, եթե G7 մակարդակում ընդհանուր որոշում չընդունվի։ Բրյուսելը նախատեսում է հաստատել 20-րդ պատժամիջոցների փաթեթը մինչև փետրվարի 24-ը։
Եթե արգելք կիրառվի, ԵՄ-ում ռուսական նավթի առավելագույն գնի սահմանաչափը գործնականում կդադարի կիրառվել, քանի որ եվրոպական ընկերություններին կարգելվի սպասարկել լցանավեր՝ անկախ վաճառքի գնից։ Առավելագույն գինը վերջին անգամ սահմանվել էր մեկ բարելի համար 44,10 դոլար։ ԵՄ դեսպանների միջև բանակցությունները շարունակվում են։
Դիվանագետների խոսքով՝ Հունաստանը մտահոգություն է հայտնել միջոցառումների վերաբերյալ՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ամրապնդման և Հնդկաստանի ու Չինաստանի մրցակցության ռիսկի պատճառով։ Նոր պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև շրջանցման դեմ պայքարի մեխանիզմի հնարավոր առաջին կիրառումը։
Նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է սահմանափակել Ռուսաստանին վերավաճառվող սարքավորումների արտահանումը երրորդ երկրներ: Այս համատեքստում Բրյուսելի ուշադրությունը կենտրոնացած է Ղրղզստանի վրա, որի հետ ԵՄ առևտուրը կտրուկ աճել էր 2022 թվականից ի վեր: Միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների միաձայն հավանությունը:
Պատժամիջոցների քննարկումների ֆոնին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նախատեսում են փետրվարի 24-ին այցելել Ուկրաինա:





































