Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ կպարտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով վարչապետի այսօրվա հայտարարությունները՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին։
«Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ»,- հայտարարել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն «այնքան թույլ է իրեն զգում և այնքան է վախենում Կարապետյանից, որ նրան խոսելու հնարավորություն չի տալիս»։ Կարապետյանն ընդգծել է, որ նախատեսված խոշոր փոփոխություններն իրականացնելու համար շարժմանը մեծ հաղթանակ է պետք, որն անհրաժեշտ է Հայաստանին, մասնավորապես՝ 300 000 նոր աշխատատեղ, 20 000 մատչելի բնակարան, երաշխավորված բերքի մթերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազեցում։
Ավելի վաղ, մեկնաբանելով գործարարի նախաձեռնությամբ հիմնադրված «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի առաջադրումը, Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Հայաստանի սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի կամ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։ Հետևաբար, վարչապետի խոսքով, Կարապետյանի թեկնածության հարցը գոյություն չունի «ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո»։






































