Եվրոպայի ռազմականացումն ընթանում է արագացված տեմպերով և պարզապես ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստմանը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ կոալիցիոն զորքերի ներկայությունն ակտիվորեն մեծանում է, տարածքների օպերատիվ զարգացումը շարունակվում է, և զարգանում են ռազմական ենթակառուցվածքները։ Սերդյուկովը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը ներկայումս ձևավորվում է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում։
ՀԱՊԿ շտաբի պետն ընդգծել է, որ անկայունության պահպանման հիմնական գործոնը մնում են արևմտյան երկրների գործողությունները, որոնք, նրա կարծիքով, ուղղված են Ուկրաինայում զինված հակամարտության երկարաձգմանը։
Նա նաև նշել է, որ 2025 թվականն, ընդհանուր առմամբ, բնութագրվում է աշխարհաքաղաքական լարվածության աճով և կոլեկտիվ անվտանգության գոտիներում իրավիճակի վատթարացմամբ՝ ՀԱՊԿ երկրների սահմաններին անկայունության թեժ կետերի մոտենալու պատճառով։
Սերդյուկովի խոսքով՝ արևմտյան մի շարք պետությունների անբարյացակամ քաղաքականությունը և աշխարհի երկրների մեծ մասի հետ համագործակցելուց նրանց հրաժարվելը հանգեցնում են ամբողջ համակարգում միջազգային անվտանգության բացասական փոփոխությունների։




































