Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու ազատության և ինքնավարության դեմ իրականացվող հարձակումները՝ որակելով «հակասահմանադրական գործողություններ», հայտնել է ֆորումի նախագահ Յան Ֆիգելը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ուղղված են կրոնական ազատությունների ու Սահմանադրության դեմ և անընդունելի են իրավական, քաղաքական ու բարոյական տեսանկյունից։
Ֆիգելն զգուշացրել է, որ նման գործելաոճը «վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ազգի համար»։ Ըստ հայտարարության՝ արձանագրվում են անօրինական քայլեր, որոնք խարխլում են կրոնական հանդուրժողականության և պետականության հիմքերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Հունվարի 10-ին Մասյացոտնի թեմի առաջնորդը կաթողիկոսի հրամանով ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Փաշինյանն առ ոչինչ էր անվանել կաթողիկոսի որոշումը։





































