Այսօր մենք տեսնում ենք, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է, քանի որ Հայաստանում կա կես միլիոն մարդ, աղքատության հիմնական խնդիրը տնտեսությունն է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանի տնտեսությունը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին շատ լավ վիճակում էր։ Մենք տեսանք՝ հայկական բյուջե եկան միլիարդավոր դոլարներ, բայց որտե՞ղ ծախսվեցին։ 2022-2023թթ․ ռուսական կապիտալի մեծ ներհոսքի ժամանակաշրջան էր, ունեինք երկնիշ տնտեսական աճ, այդ պատճառով այդ ժամանակ կար դրական շատ մեծ դինամիկա, բայց տնտեսական ամբողջ էֆեկտը, որ ունեցանք, չկարողացանք վերածել երկարաժամկետ կայուն զարգացման»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ այդ ամբողջ ռեսուրսը ձևավորեցին և ավելացրեցին ՀՀ պետական պարտքը։
«Վրաստանի համախառն ներքին արդյունքներն այդ ժամանակ 2 անգամ են ավելացել, բայց, օրինակ, Վրաստանում պետական պարտքը 35% է մեր 50%-ի համեմատ։ Վրաստանը, անցնելով ուկրաինական պատերազմի ամենասուր շրջանը, կառավարության ակտիվ քաղաքականության արդյունքում կարողացավ այնպես անել, որ չմտնի այդ պատերազմի մեջ։ Ես չեմ ասում, որ իդեալական երկիր է, բայց նա ձեռք բերեց խաղաղություն, ձեռք բերեց քիչ պարտք։ Հայաստանի՝ 2018թ․-ից մինչև այսօր վերցրած պարտքի չափով վարկ ենք մարում պետբյուջեից, 270 միլիարդ ավել վարկ ենք մարում, քան 2018 թվին։ Իսկ գիտե՞ք, ինչքա՞ն է Հայաստանում թոշակների վճարն ընդհանուր, ինչքա՞ն թոշակի գումար է ծախսում բյուջեն՝ 290 միլիարդ։ Այսինքն՝ եթե պետական պարտքի այս աճը 2018-ից հետո չլիներ, եթե պետությունը, այս իշխանությունն այսքան վարկ չվերցներ, հնարավորություն կունենայինք թոշակները կրկնապատկել»,- մանրամասնել է Կարապետյանը։
Պատասխանելով հարցին, թե կառավարության կողմից առաջարկվող ծրագրերից օգտվում են նաև Կարապետյանները, Նարեկ Կարապետյանը նշել է, որ իրենք նաև ամենամեծ հարկ վճարողներից են։
«Մենք վճարում ենք 30-40 անգամ ավելի շատ հարկ, քան այդ ծրագրերից օգտվում ենք։ Այն քաղաքականությունը, որ մեր Էկոնոմիկայի նախարարությունը տարել է, այսքան ժամանակ արտադրական հզորության աջակցություն չենք ստացել։ ՀՀ տնտեսությունը 2022-2023թթ․ կայուն զարգանում էր, բայց այդ ամբողջ պոտենցիալը կորցրինք։ Չկարողացանք օգտագործել այդ միլիարդավոր դոլարները ՀՀ արդյունաբերությունը զարգացնելու համար։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ արդյունաբերության մասը տնտեսության մեջ գրեթե 9-10%-ով իջել է։ Այսինքն՝ տնտեսության մեջ արդյունաբերության մասը նվազում է, իսկ գյուղատնտեսությունն ընդհանրապես, ոչ թե տնտեսության մեջ, այլ ընդհանրապես 10%-ով անկում է ապրել»,- բացատրել է Կարապետյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան ներկայացվել էին հունվարի 20-ին, դրանց թվում են 300 հազար նոր աշխատատեղը ու արդյունաբերացումը:
Հայաստանում, 2023-ի տվյալներով, տարեցտարի նվազում է թոշակառուների ընտանիքներում սպառված սննդի կալորիականությունը։ Այն այժմ միջինը 1700 էլ չի կազմում։




































