Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը վիրահատվում է Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում, գրել է 24news-ը։
Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնել է, որ հայրը սրտի բաց վիրահատության է ենթարկվում։
Խաչատրյանը հունվարի 14-ին Հայաստան վերադարձած 4 գերիների թվում էր։ Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել նաև Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին։
Արցախի բնակիչ Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ Հակարիի կամրջի մոտ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս: Նա անցնում էր 1991 թվականի դեկտեմբերի 22-ի ենթադրյալ «ցեղասպանության» գործով:
Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։





































