«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ներկայումս հատկացված 65 մլն դոլարը ծախսել մարզերում արդյունաբերության զարգացման և սոցիալական խնդիրների լուծման վրա։
Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը քառապատկել է վարչապետի աշխատակազմի ծախսերը՝ հասցնելով դրանք 65 մլն դոլարի։ Շարժման համակարգողի խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքների համակցված ծախսերը։
Կարապետյանը նշել է մեկ տարվա ընթացքում դրանք ծախսելու երեք տարբերակ։
Նա առաջարկել է ընտրել մի շրջան, օրինակ՝ Մարտունու կամ Հրազդանի շրջանները, և պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ օգնել ստեղծել գործարաններ, ֆաբրիկաներ, աշխատատեղեր, որպեսզի լուծվի այս շրջանների գործազրկության հարցը։
Կարապետյանը նաև որպես երկրորդ տարբերակ նշել է սոցիալապես անապահով քաղաքացիներին օգնությունը։ Նա նշել է, որ Հայաստանում 20 000 մարդ գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ և սովամահ է լինում։
«65 միլիոն դոլարով լավ կառավարությունն այդ մարդկանց համար կապահովեր սնունդ և հագուստ, լլուծեր ծայրահեղ աղքատության հարցը մեր երկրում ամբողջ տարին»,- հայտարարել է նա։
Շարժման համակարգողը նաև ընդգծել է թոշակառուներին աջակցելու միջոցառումները։ Նա նշել է, որ կառավարությունը կարող էր 100 000 թոշակառուների, ամենաանապահով թոշակառուների, ում եկամուտները միայն թոշակներն են, բաժանել քարտեր, որոնք իրավունք կտան 20 000-25 000 դրամի գնում կատարել հայկական գյուղմթերքների, կաթնամթերքի, շուկաներից և խանութներից։
«Դրա արդյունքում՝ գյուղացին կունենար կայուն վաճառք իր բարձրորակ ապրանքի, թոշակառուն կկարողանար ապահովել իրեն բազային սննդով, իսկ մեր երկրում մենք կլուծեինք 100 000 մարդու խնդիր»,- ընդգծել է շարժման համակարգողը։
Նա նաև կոչ է արել քաղաքացիներին առաջարկել իրենց սեփական գաղափարներն այն մասին, թե ի՞նչ կարող է անել ուժեղ կառավարությունն այն 65 մլն դոլարով, որը վարչապետը հատկացրել է իր աշխատակազմին։




































