Հայաստանի Հանրապետությունը կլինի ու կմնա ինքնիշխան, մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք, բայց մեզանից շատ չենք հարգում, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ ռուս հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հնարավոր էր համարել հատուկ գործողություններն այն տարածաշրջաններում, որոնք նա դասել էր որպես Ռուսաստանի «ազդեցության գոտի»: Այդ մասին նա հայտարարել էր՝ մեկնաբանելով Երևանի հետ հարաբերություններն ու «Հայաստանի կորուստը», որը, նրա խոսքով, «հսկա խնդիր է»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը դժգոհություն էր հայտնել ընդդիմության և հասարակության կողմից ռուս լրագրողների «սպառնալիքների» անտեսման դրսևորման կապակցությամբ՝ կենտրոնանալով բացառապես Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդանշանների վրա: Լրագրողների հարցին, սակայն, թե ինչո՞ւ այս դեպքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես չի արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարություններին, Եղոյանը խուսափել էր պատասխանել։
ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է Սոլովյովի խոսքերը։
«Շունը հաչում է, քարավանը` գնում: Շունն այս դեպքում ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի մտերիմ ընկեր և հայրենակից Սոլովյովն է, իսկ քարավանը` մեր սիրելի երկիրը, որը գնում է դեպի անշրջելի խաղաղություն և զարգացում»,- գրել է նա։





































