ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թոշակառուի կենսաթոշակը 20 000 դրամով ավելացնելուց հետո անգամ նրա տունը չի տաքանա, եթե տանը պատուհանի, դռան խնդիր կա։ Նա այս օրինակով պարզաբանել է էներգետիկ վերափոխման կարևորությունը։
«Թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ նա ասում էր, որ 50 հազար դրամ թոշակ է ստանում և մոտավորապես 27-28 հազարը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում, և ինքն ասում էր, որ հիմա պետք է կառավարությունը թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ»,- պատմել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ հետազոտել է այդ իրավիճակը և արձանագրել, որ եթե տունը տաքացնելու վրա ծախսի 35 հազար դրամ, տունը միևնույն է՝ չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, վերջացրած դռներով, պատերով։ Նրա խոսքով՝ «տունը տաքացնելու համար պետք է մեծ հաշվով փորձել ծախսել ավելի քիչ, ասենք՝ 18 հազար դրամի ներդրումներ անել, որ բնակարանն էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի։
«Սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է, և այս թեման պլանավորելու և իրականացնելու համար շատ լուրջ հետազոտական, վերլուծական և ինտելեկտուալ աշխատանք է հարկավոր»,- պարզաբանել է Փաշինյանը։






































