Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանն ամանորյա տեսաուղերձ է ձայնագրել՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված նամակների, աջակցության և ջերմ խոսքերի համար։ Ուղերձը հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Վարդանյանի խոսքով՝ ստացված ուղերձները նրան օգնել են զգալ տոնական մթնոլորտը նույնիսկ ազատազրկման պայմաններում։
Նա կիսվել է «ինքն իր մեջ ճանապարհորդության» մասին մտորումներով, հիշել ընտանիքի ամանորյա ավանդույթները և տոնի զգացումը համեմատել Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի հետ՝ ընդգծելով, որ պարզապես դիտորդ լինելը բավարար չէ, կարևոր է լինել մասնակից։ Վարդանյանի խոսքով՝ ներսում ուրախանալու կարողությունը թույլ է տալիս ուրախացնել նաև մյուսներին, իսկ տոնական մթնոլորտը մեծապես ստեղծվում է հենց մարդու կողմից։
Ուղերձի վերջում նա կոչ է արել չվախենալ «երեխա լինելուց», դիտել հեքիաթներ և մանկական ֆիլմեր՝ նշելով, որ հեքիաթների մեջ խորքային իմաստ կա։
Վարդանյանի խոսքով՝ տոնական օրերին նա հիշել է Կոռնեյ Չուկովսկու Тараканище-ն, Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» և Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրն իր համար տարբեր պատճառներով կարևոր նշանակություն ունի։
Նա նաև նշել է, որ բարդ աշխարհում առանձնահատուկ կարևոր է ունենալ «հենման կետ» և հույս հայտնել, որ յուրաքանչյուրն, ի վերջո, կգտնի այն։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։





































