Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իրանի տարածքում հետագա հարվածների հնարավորությունը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ Իսրայելի վարչապետը մտադիր է ամերիկացի առաջնորդին փոխանցել Թեհրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունները և նշել, որ դրա զարգացումը «կարող է պահանջել արագ պատասխան գործողություններ»։
NBC News-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն Թրամփին կներկայացնի ռազմական նոր գործողություններին ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության կամ դրանց իրականացմանը Վաշինգտոնի կողմից օգնության եղանակների տարբերակներ։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Նեթանյահուի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 29-ին՝ Ֆլորիդայում։
2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցի շուրջ հինգ փուլ բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և ամերիկյան զինված ուժերի հարվածների ֆոնին։ Նոյեմբերի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, եթե դրան հարգանքով վերաբերվեն։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: ԱՄՆ-ն հակամարտության մեջ էր մտել սրացումից ինն օր անց՝ հունիսի 22-ին հարվածելով Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտի Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Հունիսի 23-ին Իրանը հարվածել էր Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ավիաբազան է, որից հետո Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։




































