Կալանավորված արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանն ու Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 18-ին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած իրադարձություններն անվանել են նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը, ասվում է ԱԱԾ մեկուսարանից հայտարարած նրանց հայտարարության մեջ:
Բարձրաստիճան հոգևորականների խոսքով՝ «հակաեկեղեցական հրոսակախումբն իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժել էր Մայր Աթոռ՝ փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը»։
«Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին»,- նշել են արքեպիսկոպոսները:
Գալստանյանն ու Խաչատրյանն իրենց հավատարմությունն են վերահաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և իրենց համերաշխությունը հայտնել հոգևորականներին ու ժողովրդին:
Մայր Աթոռում դեկտեմբերի 18-ին ակցիա էր անցկացվել՝ ի պաշտպանություն կաթողիկոսի, միաժամանակ՝ այնտեղ հավաքվել էին նաև նրա հրաժարականը պահանջողները: Տասը եպիսկոպոս կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ էր հանձնել Մայր Աթոռի քարտուղարություն: Վերջիններս նոյեմբերին կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել»:






































