Սիրիայի ժամանակավոր կառավարությունը քրդական կոալիցիային՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF), ուղարկել է ինտեգրման համաձայնագիրը կյանքի կոչելու նոր առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այդ աղբյուրների համաձայն՝ առաջարկի շրջանակներում Դամասկոսը պատրաստակամություն է հայտնել վերակազմակերպել մոտ 50 000 SDF մարտիկներին երեք հիմնական դիվիզիաների և փոքր բրիգադների, եթե քրդական կոալիցիան զիջի որոշ հրամանատարական կառույցներ և սիրիական բանակի այլ ստորաբաժանումների համար բացի քրդերի կողմից վերահսկվող տարածքը երկրի հյուսիս-արևելքում։
Ավելին, մի քանի աղբյուրների համաձայն՝ Միացյալ Նահանգները, որն աջակցում է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային, հաղորդագրություններ է փոխանցել SDF-ի և Դամասկոսի միջև, նպաստել է բանակցություններին և կոչ արել համաձայնության գալ։
Միևնույն ժամանակ, աղբյուրները կարծում են, որ բանակցություններում ձեռք բերված որևէ արդյունք չի հանգեցնի SDF-ի լիակատար ինտեգրմանը սիրիական բանակին և այլ պետական հաստատություններին մինչև տարեվերջ, ինչպես նախատեսված էր կողմերի միջև մարտի 10-ին կնքված համաձայնագրում։
Գործակալությունը նշում է, որ Դամասկոսի և քրդերի միջև կարգավորման չհասնելը սպառնում է զինված հակամարտության, որը կարող է Թուրքիային ներքաշել հակամարտության մեջ։
Ամռանը կողմերի միջև բանակցությունների խոշոր փուլի ձախողումից հետո տարածաշրջանում լարվածությունը մեծացել էր, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում շփման գծի երկայնքով հաճախակի բախումներ էին տեղի ունեցել։
Մարտի 10-ին SDF-ի ղեկավարությունը Դամասկոսում համաձայնագիր էր ստորագրել Սիրիայի պաշտոնական կառավարության հետ՝ մինչև տարեվերջ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավար շրջանի բոլոր քաղաքացիական և զինված կառույցները պետական ինստիտուտներին ինտեգրելու վերաբերյալ։






































