Թբիլիսիում՝ Վիրահայոց թեմում, հյուրընկալել են «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում երեք երկրի հայ մասնակիցներին:
Երգի մրցույթի 18 մասնակցից երեքն այս տարի ազգությամբ հայ է. նրանցից Ալբերտ Արմենակյանը ներկայացնում է Հայաստանը, Սոֆիա Ներսիսյանը՝ Ուկրաինան և Անիտա Աբգարյանը՝ Վրաստանը: Նրանց հետ հանդիպումը մեկնարկել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելությամբ: Հանդիպումը շարունակվել է «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում:
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչ Օլենա Հլադուշչենկոն և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը նրանց հաջողություններ են մաղթել:
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայազգի մասնակիցները հատվածներ են կատարել իրենց մրցութային ելույթներից:
Մրցույթն այս տարի հյուրընկալում է 2024 թվականին հաղթանակած Վրաստանը: Այն կկայանա դեկտեմբերի 13-ին:






































