Աֆղանստանի արևելյան Քունար նահանգի Ասադաբադ քաղաքում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորներինը՝ 110-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Մաթին Քանիին։
Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ի առավոտյան՝ Ասադաբադ քաղաքի Անդար Սիր շրջանում։
Քանիի խոսքով՝ նախնական քննության տվյալները վկայում են, որ պայթյունը տեղի է ունեցել դպրոցի հարևանությամբ գտնվող՝ հանքարդյունաբերական ընկերություններին պատկանող պայթուցիկ նյութերի պահեստում։
ՆԳՆ ներկայացուցիչը տեղի ունեցածի պատճառ է անվանել անփութությունը և անբավարար զգուշավորությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի հետևանքով փլուզվել էր դպրոցի մի մասը, զոհվել էր յոթ աշակերտ, ևս 97-ը՝ վիրավորվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







