Ֆրանսիացի դերասան և ռեժիսոր, հայկական ծագումով Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կղեկավարի Փարիզի Théâtre du Soleil («Արևի թատրոն») թատրոնը՝ փոխարինելով դրա հիմնադիր Արիան Մնուշկինին, հայտնել են ֆրանսիական Le Monde և Libération պարբերականները։
Աբգարյանի թեկնածությունը հավանության են արժանացրել թատրոնի կոլեկտիվը և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։ Ռեժիսորին թատրոնը ղեկավարելու առաջարկ առաջին անգամ արվել է 2022 թվականին, սակայն նա այդ ժամանակ հրաժարվել է՝ այլ ստեղծագործական նախագծերում զբաղված լինելու պատճառով։
Ղեկավարի փոփոխության հետ կփոխվի նաև թատրոնի կառավարման մոդելը։ Աբգարյանի հետ ղեկավարությանը կմասնակցի վեց հոգուց բաղկացած կոլեգիալ մարմին։ Ռեժիսորը մտադիր է պահպանել թատրոնի պատմական սկզբունքները՝ ստեղծագործության կոլեկտիվ բնույթը, աշխատանքի հավասար վարձատրությունը և ներկայացումների հասանելիությունը լայն լսարանի համար։
«Արևի թատրոնը» հիմնադրել է Արիան Մնուշկինը 1964 թվականին։ 1970 թվականից այն գտնվում է Փարիզի Վենսենի անտառում՝ նախկին փամփուշտների գործարանի տարածքում։ Թատրոնը միջազգային ճանաչում է ձեռք բերել մասշտաբային բեմադրությունների, ներկայացումների ստեղծման կոլեկտիվ մոտեցման և աշխարհով մեկ կատարած հյուրախաղերի շնորհիվ։
Աբգարյանը ծնվել է 1962 թվականին Ֆրանսիայում՝ հայկական ընտանիքում։ Մանկության մի մասն անցկացրել է Լիբանանում, հետագայում ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ծանոթացել է հայկական թատերական խմբի հետ։ 1980-ականների կեսերին նա միացել է «Արևի թատրոնի» խմբին և Մնուշկինի ղեկավարությամբ աշխատել է շատ տարիներ։ Հետագայում զբաղվել է ինքնուրույն թատերական բեմադրությամբ։
Իր կարիերայի ընթացքում Աբգարյանը չորս անգամ արժանացել է ֆրանսիական «Մոլիեր» թատերական մրցանակի։ Լավագույն տղամարդու դերի մրցանակը նա ստացել է 2001 թվականին՝ Ռիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» պիեսի ներկայացման համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ճակատագրին։ Նրա բեմադրած «Էլեկտրան ցածր խավերից» (Électre des bas-fonds) ներկայացումը 2020 թվականին արժանացել է երեք «Մոլիեր» մրցանակի, այդ թվում՝ բեմադրության և դրամատուրգիայի համար։
Աբգարյանի կինոգործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունեն հայոց պատմությանը և սփյուռքի կյանքին նվիրված ֆիլմերը։ Նա հանդես է եկել նկարիչ Արշիլ Գորկու դերում հայկական ծագումով կանադացի ռեժիսոր Աթոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմում, գլխավոր դերակատարն է եղել Ռոբեր Քեշիշյանի «Արամ» (2002) ֆրանսիական դրամայում և նկարահանվել է հայկական ծագումով ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (2006) ֆիլմում։
Գեդիգյանի «Հանցագործների բանակը» (2009) պատմական դրամայում Աբգարյանը մարմնավորել է ֆրանսիական Դիմադրության ղեկավարներից Միսակ Մանուշյանին, որի աճյունը 2024 թվականի փետրվարին տեղափոխվել է Փարիզի Պանթեոն։
Դերասանը նաև նկարահանվել է Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Կտրվածք» (The Cut, 2014) ֆիլմում և Գեդիգյանի «Խելագարության պատմություն» (Une histoire de folie, 2015) դրամայում, որի կենտրոնում Ֆրանսիայում ապրող հայկական ընտանիքի պատմությունն է և Ցեղասպանության ճանաչման համար պայքարը։ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի ամերիկյան «1915» (2015) ֆիլմում Աբգարյանը մարմնավորել է թատերական ռեժիսոր Սիմոնին, որը Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ներկայացում է բեմադրել։
Միջազգային ճանաչում դերասանին բերել է նաև Ալեքս Դիմիտրիոսի դերը Ջեյմս Բոնդի մասին «Կազինո Ռոյալ» (2006) ֆիլմում։ Շառլ դը Գոլի դերը Աբգարյանը կատարել է ֆրանսիացի ռեժիսոր Անտոնեն Բոդրիի պատմական երկմաս ֆիլմում, որի առաջին մասը լույս է տեսել 2026 թվականին։
Օլերոնում Աբգարյանի մասնակցությամբ «Հայկական գիշերներ» են անցկացվում։ Հուլիսին Հայաստանի մշակույթի նախարարությունն Աբգարյանին պարգևատրել է ոսկե մեդալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
