Հռոմի պապ Լևոն XIV-ը տեղափոխվել է Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոց, որտեղ նրա թոքից կհեռացնեն փոքր հանգուցային գոյացություն, հայտնում է Vatican News-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։ Սա պոնտիֆիկոսի առողջական առաջին լուրջ խնդիրն է գահակալության 17 ամիսների ընթացքում, գրում է Reuters-ը։
Վիրահատությունը նախատեսված է հոկտեմբերի 13-ի կեսօրից հետո։ Այն կանցկացնի կրծքային վիրաբուժության թիմը՝ պրոֆեսոր Ստեֆանո Մարգարիտորայի ղեկավարությամբ։ Գործակալության մեջբերած բժշկական փորձագետների կարծիքով՝ վիրահատությունը թույլ կտա պարզել՝ արդյոք գոյացությունը չարորա՞կ է և հետագա ի՞նչ բուժում է անհրաժեշտ։
Գոյացությունը հայտնաբերվել էր պլանային հետազոտության ժամանակ, լրագրողներին հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։ Պոնտիֆիկոսը հոկտեմբերի 11-ին ասել էր, որ գոյացությունը հայտնաբերվել է վաղ փուլում և «տեղայնացված է»։ Լևոն XIV-ը 71 տարեկան է։
Պապը հիվանդանոց է մեկնել սև ամենագնացով և մեքենայի պատուհանից ձեռքով ողջունել հավաքվածներին։ «Ջեմելլիի» մուտքի մոտ նա ձեռքսեղմում է արել մի քանի պաշտոնյայի հետ և անցել իրեն առողջություն մաղթող մարդկանց մոտով։
Նախնական գնահատականներով՝ վիրահատությունից հետո Պապը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ։ Նրա բոլոր հանրային միջոցառումները չեղարկվել են մինչև հոկտեմբերի 20-ը, հաղորդում է գործակալությունը։ Վատիկանը խոստանում է երեկոյան նոր տեղեկություններ հրապարակել նրա առողջական վիճակի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







