Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 22-ից կգործի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային ցուցադրությունը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Այն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով։
Ցուցադրության շրջանակում կներկայացվի ավելի քան 50 նմուշ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանից։ Դրանք ունեն ժամանակագրական լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։
Կներկայացվեն Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքեր։
Ցուցադրության առանցքային ցուցանմուշներից են Ք. ա. 12-11-րդ դարերով թվագրվող՝ վաղ երկաթի դարաշրջանի «արեգակնային համակարգի» բրոնզե մոդելները։ Հատկանշական է, որ դրանց բեռլինյան օրինակներն ընդհանրապես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ տարբեր քաղաքակրթությունների մշակութային ժառանգության, առասպելաբանական մտածողության և տիեզերագիտական պատկերացումների միջև եղած ընդհանրություններին ու փոխակերպումներին։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Ցուցադրությունը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 21-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







