Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կինը՝ ջութակահար Ա. Նիկողոսյանը, հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու վերաբերյալ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Նիկողոսյանը հաղորդումը ներկայացրել է մոտ երեք շաբաթ առաջ, որից հետո Թոփչյանը հակընդդեմ հաղորդում է ներկայացրել՝ պնդելով, որ ինքն է կնոջ կողմից ֆիզիկական բռնության ենթարկվել։
Քննչական կոմիտեն թերթին հաստատել է, որ Նիկողոսյանի հաղորդման հիման վրա Երևանի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ առանձնակի դաժանությամբ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու և մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով։ Հետագայում վարույթը կարճվել է։
«Հրապարակի» տեղեկություններով՝ Նիկողոսյանը հայտնել է, որ 2024 թվականին ամուսինը պարբերաբար ֆիզիկական բռնություն է կիրառել իր նկատմամբ։ Թերթը նշել է, որ Թոփչյանն այդ վարույթի շրջանակում որևէ կարգավիճակ չի ունեցել, իսկ դատաբժշկական փորձաքննությամբ 2024 թվականին բռնություն կիրառելու հանգամանքը չի հաստատվել։
Միևնույն ժամանակ, ՔԿ-ից թերթին հայտնել են, որ Թոփչյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Վարույթի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։
«Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա»,- հայտնել են ՔԿ-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







