ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ոստիկանության բաժնում քաղաքացուն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ հրապարակումներին, Armenia Today-ին հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից։
Armenia Today-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է նաև Քննչական կոմիտե։ Գերատեսչությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ նյութերն ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում:
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ փաստաբանից համապատասխան հաղորդում է ստացվել։ Armenia Today-ի տեղեկություններով՝ քաղաքացին վարչական հսկողության տակ է գտնվում։
Փաստաբան Աշոտ Սիմոնյանը հայտնել էր, որ իր վստահորդը ոստիկանությունում ենթարկվել է խոշտանգման՝ արգելված նյութ ունենալու վերաբերյալ խոստովանական ցուցմունք ստանալու նպատակով։
Փաստաբանի խոսքով՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին հարակից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել էր պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից։ Փաստաբանի պնդմամբ՝ դրանից հետո անհասկանալի հանգամանքներում քաղաքացու նկատմամբ ուժ էր կիրառվել, և նրան տեղափոխել էին ոստիկանության Շենգավիթի բաժին։
Սիմոնյանի փոխանցմամբ՝ անձնական խուզարկության ընթացքում քաղաքացու մոտ որևէ արգելված առարկա կամ նյութ չէր հայտնաբերվել։ Սակայն, ըստ փաստաբանի, ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամբ խոշտանգում են կիրառել՝ ստիպելով ընդունել, թե իր մոտ հայտնաբերված շուրջ 0,5 գրամ արգելված նյութն իրենն է։
Փաստաբանը նշել է, որ քաղաքացին շուրջ վեց ժամ ոստիկանությունում պահվելուց և, իր պնդմամբ, խոշտանգման ենթարկվելուց հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին։ Նրա խոսքով՝ քաղաքացին այնտեղ ևս զրկված էր իրավական օգնությունից և ստիպված «խոստովանել է», թե ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված թմրամիջոցն իրենն է և նախատեսված է անձնական օգտագործման համար։
Սեպտեմբերի 7-ին քաղաքացին դիմել է Սիմոնյանին՝ իր շահերի պաշտպանությունն ստանձնելու խնդրանքով։ Փաստաբանը հայտնել է, որ քաղաքացու մարմնական վնասվածքները կարձանագրվեն մասնավոր բժշկական կենտրոնում, իսկ բժշկական եզրակացությունը կներկայացվի իրավասու մարմիններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







