Նյու Յորքի դաշնային դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ Պետդեպարտամենտի վարչական որոշումը, որով կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։
Դատավոր Անալիսա Տորեսը որոշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի սահմանած արգելքը գերազանցել է նրա լիազորությունները և խախտել ԱՄՆ ներգաղթային օրենսդրությունը։
Դատարանը չեղյալ է հայտարարել ինչպես բուն վարչական որոշումը, այնպես էլ բացառապես դրա հիման վրա վիզաների մերժումները։ Միաժամանակ, որոշումը չի նշանակում, որ վիզաները կտրամադրվեն ինքնաբերաբար։ Դիմումները պետք է հյուպատոսական պաշտոնյաների կողմից վերանայվեն անհատական հիմունքներով՝ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան։
Պետդեպարտամենտը հունվարի 21-ից կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին։ Հայաստանի հետ մեկտեղ ցուցակում ընդգրկված էին Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ։ Այս քայլը բացատրվել է այն ռիսկով, որ դիմորդները կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար։
Armenia Today-ը հայտնել է, որ սահմանափակումները կիրառվել են անորոշ ժամկետով՝ մինչև Պետդեպարտամենտի կողմից դիմորդների ստուգման ընթացակարգերի վերանայումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







