Վարդավառի տոնի ժամանակ հայերի մասին վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութի պատճառով Հայաստանում քրգործ է հարուցվել ՌԴ քաղաքացի, բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քրգործը վերաբերում է ՔՕ 329-րդ հոդվածի 3 կետի 2-րդ մասին (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում):
Պիրոժկովայի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ տեսանյութում կինը տոնակատարությանը չմասնակցողների վրա ջուր լցնելն անվանել էր անքաղաքավարի և ագրեսիվ։ Նա տեսագրել էր, թե ինչպես է մասնակիցներից մեկը ջուր լցնում իր վրա։ Հետո Պիրոժկովան հայ ժողովրդին անվանել էր «վայրենի» և դժգոհել, որ ջուր լցնելը փչացրել է իր հագուստը։
«Եթե ձեր ձեռքերում ջրային ատրճանակներ և դույլեր ունեք, ապա խաղացեք ձեզ նման մարդկանց հետ։ Ինչո՞ւ եք անխտիր բոլորին ջրում։ Եթե ես ձեր երկրում եմ, պարտավոր չեմ հետևել որևէ ավանդույթի։ Սա ագրեսիայի ուղղակի դրսևորում է»,- ասել էր նա իր տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







