Երևանի Մուրացանի 109 փողոցում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, հայտնում են Armenia Today-ի աղբյուրները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 21:00-ի սահմաններում։ Մահացածի անձն ու տարիքը ճշտվում են։ Աղբյուրը հավելել է, որ դեպքի վայրում նաև նռնակ են նետել, որը չի պայթել։ Նրա փոխանցմամբ՝ դեպքի վայր սակրավորներ են ժամանել։
ՆԳՆ-ից AT-ին հաստատել են կրակոցների վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ դեպքի մասին հաղորդում ստացել են։ Գերատեսչության մամուլի ծառայությունից հավելել են, որ տեղում աշխատում են ոստիկանության օպերատիվ խմբերը, միջոցառումներ են ձեռնարկվում պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Shamshyan.com կայքի տվյալներով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և կրակոցների հետքերով Mercedes G մակնիշի ավտոմեքենա։
Կայքի տեղեկություններով՝ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորվել։ ԶԼՄ-ն ավելի ուշ հայտնել է, որ քննչական բաժինը պարզել է՝ մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







