Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Երմակովին թույլ չեն տվել տեսակցել փաստաբանի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ձերբակալվածի եղբայրը:
Նրա խոսքով՝ ընտանիքը ծանոթների միջոցով կապ է հաստատել 5-6 փաստաբանի հետ։
Օմսկի բնակիչ Երմակովին, ով կնոջ հետ արձակուրդ էր եկել Հայաստան, ձերբակալել էին հունիսին՝ «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնել էին Armenia Today-ին։ Հարազատների պնդմամբ՝ նրան շփոթել են իր համանուն-անվանակցի հետ՝ հաքերի, ում փնտրում են ավստրալիական Medibank ապահովագրական ընկերության տվյալների բազայի կոտրման համար, որի հետևանքով արտահոսել էր 9,7 միլիոն մարդու տվյալ։ Տղամարդկանց հայրանունները չեն համընկնում։
Երմակովի եղբայրը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ում ձերբակալման օրդերը տրվել է Երևանի օդանավակայանում ռուսաստանցու ձերբակալումից մեկ օր առաջ, թեև հանցագործությունները, որոնցում նրան մեղադրում են, իբր կատարվել էին 2019–2021 թվականներին: Հարազատները մտավախություն ունեն, որ ԱՄՆ արտահանձնման հարցումը կբավարարվի։ Երմակովի պաշտպանական կողմը դիմումներ է ուղարկել ՌԴ քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն և ԱԳՆ՝ խնդրելով աջակցել նրա ազատ արձակմանը, ավելի վաղ հայտնել էր փաստաբան Դիլան Ռաջավին։
Միևնույն ժամանակ, «Իզվեստիա»-ի տվյալներով, որոնվող Երմակովը 2024 թվականին Մոսկվայում դատապարտվել էր վնասակար ծրագրերի գործով, նրան արգելվել էր երկու տարով լքել Ռուսաստանի տարածքը։ ՌԴ դեսպանատունը հյուպատոսական տեսակցություն է հայցել ձերբակալվածի հետ, «Բազա»-ին հայտնել էր ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







