«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական ուղղությունն «անցնում է Թուրքիայով»։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին և մեկնաբանելով ռուս բլոգերների պրանկը, երբ նրանք, ներկայանալով որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, զանգահարել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։
Կարապետյանը նշել է, որ հրապարակված տեսագրությունում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ի թիվս այլնի, հայտնում է «Կարապետյանների դաշնակիցների» դեմ պայքարում աջակցելու պատրաստակամության մասին։
«Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը հասկանա, թե ինչ է կատարվում, որ աշխարհքաղաքական այն ուղղությունը, որով մենք գնում ենք, անցնում է Թուրքիայով»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ Սինիրլիօղլուն զրույցի ընթացքում խոսում է Հայաստանի ներքին հարցերի մասին։
«Այդ պաշտոնյան խոսքի մեջ շատ ուրախացել էր և քննարկում էր մեր երկրի ներքին գործերը, մեր երկրի կաթողիկոսի փոփոխության հարցը։ Ո՞ւր է հասել մեր երկրի՝ իշխանության խոսույթում այդքան գովերգված, բայց հողին հավասարեցված ինքնիշխանությունը, երբ իրենց թույլ են տալիս մեր երկրի Վեհափառի փոփոխության հարցը քննարկել թուրք պաշտոնյաների հետ»,- հայտարարել է Կարապետյանը։
Մեկնաբանելով Փաշինյանի խոսքերն այն մասին, թե զրուցակցի ազգության վրա շեշտադրում անելը դրսից բերված խոսույթ է, Armenia Today-ի դիտարկմանն ի պատասխան Կարապետյանը նշել է, որ Սինիրլիօղլուն, ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, երբեք չի մոռանում իր ազգային պատկանելությունը։
«Ինչ վերաբերում է ազգությունը նշելուն, այդ մարդը Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարարն է։ Նրանք, ի տարբերություն մեզ (ՀՀ իշխանությունների -խմբ․) մշտապես ընդգծում են իրենց ազգությունը, ազգային գաղափարներն ու մոտեցումները։ Նրանք մեզ դիտարկում են այդ ազգային գաղափարների շրջանակում՝ որպես երկիր, որին պետք է ինչ-որ կերպ ներքաշել այլ քաղաքական գործընթացների մեջ»,- ասել է Կարապետյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի Առաջին ալիքը հրապարակել էր տեսագրության մի հատված, որը, ալիքի տվյալներով, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և ռուս պրանկերներ Վովանի ու Լեքսուսի զրույցից է։ Վերջիններս, ներկայանալով որպես Հայաստանի վարչապետ, հայտարարել էին, որ ակնկալում են ԵԱՀԿ-ի դիրքորոշումն ու աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին փոխարինելու հարցում։
«Ես էլ կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին»,- ի պատասխան ասում է Սինիրլիօղլուն։
Դրանից հետո պրանկերները, հանդես գալով Փաշինյանի անունից, ասում են, որ «հիմա իմ ձեռքում հաղթաթղթեր կան, և մենք կարող ենք փոխել կրոնը»։ Նրանք նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղրից աջակցություն են խնդրում «այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը»։
«Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»,- պատասխանում է Սինիրլիօղլուն։
Ավելի ուշ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել էր, թե «պրանկեր են, պրանկ են անում, իմ ի՞նչ մեկնաբանելու բանն է»։ Ըստ Փաշինյանի, բացի այդ, «թուրք պաշտոնյայի ազգությունը նշելը լրացուցիչ էմոցիա է»։
«Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Կարդում ես վերնագիր՝ «հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», բայց որ հայը ճապոնացուն է հաղթել, դե ափսոս, որ հաղթել է: Սա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է՝ Հայաստանում արտաքին գործոնների կողմից վաղուց ներդրված հայրենասիրության չափանիշ է»,- հայտարարել էր վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







