«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկուսակցական ընտրություններն անցել են ուղղորդված քվեարկությամբ, ինչի հետևանքով ցուցակում հայտնվել են ոչ միայն հայտնի դեմքեր, այլև թիմի «գորշ կարդինալների» մտերիմներ, կուսակցության գործավարուհին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ շատերն են դժգոհ մնացել գործընթացից և կարծում են, որ տեղի են ունեցել ուղղորդված ընտրություններ:
«Չնայած քարոզչությունն ու պատվիրակներին «մոտենալն» արգելված էին, սակայն շատերը դա արել են, ուստի ոմանց արդյունքները շատ հեռու են իրենց իրական վարկանիշներից․ «ոմանք ավելին են ստացել, ոմանք` ցածր», հավելել է պարբերականը։
Ըստ հրապարակման՝ առանձնակի քննարկման թեմա է դարձել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի 24-րդ տեղը՝ 431 ձայնով, կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի 28-րդ տեղը՝ 402 ձայնով, կուսակցության գրասենյակի գործավարուհի Քնարիկ Հարությունյանի՝ առաջին 50-յակում հայտնվելը՝ 298 ձայնով: Թերթի հաղորդմամբ՝ ընտրությունների ամենամեծ անակնկալներից մեկն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 554 ձայնն է․ սեպտեմբերին՝ վարչության ընտրությունների ժամանակ, նա 404 ձայն էր ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ գրել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկված 50 թեկնածուի համար առաջիկա օրերը լինելու են վճռորոշ և թեժ։
Իշխող կուսակցությունը փետրվարի 13-15-ը կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրել էր ներկուսակցական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել էր շուրջ 1100 պատվիրակ: Նրանք 276 անձից բաղկացած ցուցակից ընտրել էին 50-ական թեկնածու:
Քվեարկության արդյունքներով ձևավորվել է նախնական վարկանիշային ցուցակը՝ ձայների նվազման կարգով: ՔՊ-ում երկրորդ փուլի քվեարկությունը նշանակված է մարտի 27-28-ը: Այս փուլում պատվիրակները 50 թեկնածուից կընտրեն վարչապետի թեկնածուին և կորոշեն ցուցակի վերջնական հերթականությունը, ներառյալ՝ խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնների հավանական թեկնածուների տեղերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







