Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրությունների անցկացումը, որոնք պետք է տեղի ունենան Ռուսաստանի հետ խաղաղության գործարքի վերաբերյալ հանրաքվեի հետ միասին՝ նույն օրը, հայտնում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Financial Times-ին։
Ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաների, ինչպես նաև իրավիճակին ծանոթ անձանց խոսքով՝ այդ քայլը կատարվում է Սպիտակ տան կողմից Կիևի վրա գործադրվող ճնշման ֆոնին՝ նպատակ ունենալով գարնանն ավարտել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները։
Նախապատրաստությունն սկսվել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջել է երկու քվեարկությունն էլ անցկացնել մինչև մայիսի 15-ը։ Հակառակ դեպքում՝ երկիրը կարող է կորցնել ԱՄՆ-ի առաջարկած անվտանգության երաշխիքները։
Աղբյուրները նաև նշում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է նախագահական ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի օրը։
Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նա և իր թիմը Թրամփի վարչակազմին հասկացրել են, որ պատրաստ են չափազանց սեղմ ժամկետների՝ չնայած պատերազմի պայմաններում կարճ ժամանակում ընտրություններ անցկացնելու լոգիստիկ դժվարություններին։
Աշխատանքային ժամանակացույցի համաձայն՝ Գերագույն ռադան մարտ և ապրիլ ամիսներին կզբաղվի անհրաժեշտ իրավական փոփոխությունների կատարմամբ, որոնք թույլ կտան ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։
Միևնույն ժամանակ՝ FT-ն գրում է, որ ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաներն ընդգծել են՝ ո՛չ ժամանակացույցը, ո՛չ էլ ԱՄՆ-ի վերջնահաշվարկը, հավանաբար, չեն պահպանվի, քանի որ դրանք կախված են մի շարք գործոններից, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության համաձայնագրում առաջընթաց գրանցելու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ՝ այս ծրագիրն «ընդգծում է Զելենսկու ձգտումը՝ առավելագույնի հասցնել իր վերընտրվելու հնարավորությունները՝ միաժամանակ Թրամփին հավաստիացնելով, որ Կիևը չի ձգձգում խաղաղության գործարքի ձեռքբերումը, եթե այդպիսին հնարավոր դառնա»։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում։ Կողմերը բանակցությունները բնութագրել էին որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







