«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ը կարող է զրկվել լիցենզիայից քաղաքական պատվերի արդյունքում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նախօրեին հայտնել էր, որ ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթը կավարտվի մինչև նոյեմբերի 18-ը:
«Լիցենզիայից զրկելու դեպքում երեք ամսվա ընթացքում սեփականատիրոջը պետք է առաջարկ արվի։ Եթե այդ առաջարկին սեփականատերը չհամաձայնվի, գերակա շահի օրենքով պետությունը սեփականատիրոջը պետք է վճարի շուկայական արժեք՝ գումարած 15%»,- նշել է Ղազինյանը:
Նա հստակեցրել է, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարների մասին է։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե դրա համար արտաքին պարտք ներգրավեն, Հայաստանի բոլոր քաղաքացիներն ստիպված են լինելու վճարել։
Ղազինյանը շեշտել է, որ իր ներքին համոզմամբ՝ ՀԷՑ-ը քաղաքական պատվերի հետևանքով կզրկվի լիցենզիայից։
«Որոշումը, ամենայն հավանականությամբ, չեն գրի հանձնաժողովի անդամները, այն կգրեն ու իրենց կտան, իրենք էլ խելոք կհաստատեն այն»,- եզրափակել է նա։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հայտնել էր, որ ՀԾԿՀ ղեկավարը մերժել է սակագների նվազեցման նախաձեռնությունը, որն արվել էր դեռևս հունիսի 6-ին՝ մոտ հինգ ամիս առաջ: ՀԾԿՀ ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանն ավելի ուշ պարզաբանել էր, որ ՀԷՑ-ի փաստաթուղթը չէր ենթադրում սակագների ուղղակի իջեցում, այլ վերաբերում էր հաշվարկների վերանայմանը՝ լրացուցիչ շահույթի նվազեցմանը և կիսամյակային ներդրումների ծավալի հաշվառմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







