ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել, հայտնում է CNN-ը:
Բոլթոնն ԱՄՆ նախագահի արդեն երրորդ բարձրաստիճան ընդդիմախոսն է, որին վերջին մեկ ամսվա ընթացքում մեղադրանք է առաջադրվում։ Նրա դեմ ներկայացվել է ութ կետից բաղկացած մեղադրանք՝ ազգային պաշտպանության գաղտնի տեղեկությունների փոխանցման, և տասը կետ՝ այդպիսի տեղեկությունների ապօրինի պահպանման համար։
Քննչական մարմինների վարկածով՝ Բոլթոնը պահպանել և նույնիսկ ընտանիքի անդամների հետ է կիսվել թվային օրագրերով, որոնք ներառել են պետական գաղտնիքներ պարունակող նյութեր այն ժամանակաշրջանից, երբ նա զբաղեցնում էր Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Բոլթոնը կիսվել է «ավելի քան հազար էջ» «օրագրային գրառումներով», որոնք պարունակել են մինչև «խիստ գաղտնի» մակարդակի դասակարգված տեղեկություններ։
Մեղադրանքները ներկայացվել են քրեական հետաքննության արդյունքում, որն սկսվել էր դեռևս 2022 թվականին, երբ Բոլթոնի էլեկտրոնային փոստերն Իրանի կողմից ենթարկվել էին հաքերային հարձակման։
Ակնկալվում է, որ Բոլթոնն ինքնակամ կներկայանա իրավապահներին՝ հավանաբար արդեն ուրբաթ օրը, սակայն դատական նիստի օրը դեռ չի որոշվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







