Ռուսաստանը Հայաստանի հետ պայմանագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վերաբերյալ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ ստորագրել միջպետական համաձայնագիր, որը կշրջանցի Հռոմի ստատուտի պահանջները։
«Կարծում եմ, որ մեր և Հայաստանի միջև ՄՔԴ-ի հետ կապված լրացուցիչ պայմանավորվածություն չի լինի, մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը, ինչո՞ւ պետք է այս հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք» — ասել է նա «Solovyov Live» հեռուստաալիքի եթերում։
«Եվ եթե մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության մեջ, բարիդրացիության մեջ, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»,- հավելել է Ջաբարովը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ ամիսներ առաջ ԱԳՆ խողովակներով ՌԴ-ին առաջարկել են կնքել երկկողմ միջպետակական համաձայնագիր, որը բացառում է Միջազգային քրեական դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







