Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 50 հազար մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը, գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր:
Մեր մյուս քույրերին եւ եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:
Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով»,- գրել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







