ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ առաջիկա օրերին Բրյուսելում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում է հրավիրում ընդլայնման հարցով:
«Մենք պետք է հաշվի առնենք անվտանգության ոլորտում դաշինքի բոլոր անդամների առկա մտահոգությունները… այդ նպատակով առաջիկա օրերին Բրյուսելում երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում է սպասվում», — հայտնել է նա Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք սերտ կապի մեջ ենք Թուրքիայի հետ, որը դաշինքի կարևորագույն անդամ է, ինչպես նաև անդամակցության հայտ ներկայացրած երկրների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։ Առաջիկա օրերին ես բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպում կանցկացնեմ, ապա կշարունակեմ հետևել այդ հարցին՝ համոզվելու համար, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերի հարցում առաջընթաց կա։ Ես կցանկանայի դրան հասնել մինչ գագաթաժողովը, բայց ես հասկանում եմ, որ առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է բոլոր 30 անդամների համաձայնությունը», — հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում ամենայն լրջությամբ են ընկալում Թուրքիայի մտահոգությունները, այդ թվում՝ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







