Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Մոսկվայի որոշումը՝ ռուբլիով ռուսական գազի մատակարարումների վճարմանն անցնելու մասին, հայտնել է Կրեմլը:
Մակրոնը հայտարարել է, որ ռուբլիով գազային պայմանագրերի համար վճարելն անհնար է: Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների այսօրվա զրույցը 9-րդն է փետրվարի 24-ից ի վեր:
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և բանակցությունների հերթական փուլը Մոսկվայի և Կիևի միջև, որը տեղի է ունեցել Ստամբուլում։ ՌԴ նախագահը պատմել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկում ռուս զինվորականների կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու և անվտանգ տարհանման համար, այդ թվում՝ Մարիուպոլից: Ֆրանսիական կողմի վարկածով՝ նախագահները հանգել են այն եզրակացության, որ Մարիուպոլում հումանիտար գործողությունն այժմ անհնար է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







