Ամերիկյան վարչակազմը խուսափել է գնահատել Լեհաստանի նախաձեռնությունը, որը նախատեսում է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության տեղակայում, հաղորդում է ТАСС-ը:
«Ես պետք է ավելի մանրամասն ծանոթ լինեի դրան։ Ուրախ եմ այդ մասին հարցնել մեր թիմին, որը պատասխանատու է ազգային անվտանգության հարցերի համար»,- ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, երբ նրան խնդրել են գնահատել, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվում ՆԱՏՕ-ի խաղաղապահներին Ուկրաինա ուղարկելու Լեհաստանի առաջարկին:
Ինչպես օրերս հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին, Ուկրաինան ինքնիշխան պետություն է և սպառնալիքի իրավիճակում «իրավունք ունի» իր տարածք հրավիրել «ում կցանկանա»: «Ուկրաինան իրավունք ունի հրավիրել ՆԱՏՕ-ի զորքեր, տարբեր կազմակերպություններ, այլ պետություններ։ Նման խաղաղապահ առաքելությունը, հավանաբար, կհանգեցներ Ուկրաինայի առնվազն զգալի մասում խաղաղության հաստատմանը»,- կարծում է Մորավեցկին։
Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «չի համարձակվի հարձակվել ՆԱՏՕ-ի վրա»:
Իր հերթին Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը, մարտի 16-ին կառավարական մամուլի ասուլիսում պատասխանելով DW-ի թղթակցի հարցին, հայտարարել է, որ Գերմանիան մերժել է Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկու առաջարկն Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու հետ կապված: «Գերմանիայի կանցլերը, ինչպես և Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները, բազմիցս հստակ հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի ոչ մի անձնակազմ, ՆԱՏՕ-ի ոչ մի զինծառայող դաշինքի տարածքից դուրս կամ Ուկրաինա չի մեկնի»,- հայտարարել է նա: Հեբեշթրայթը ՆԱՏՕ-ի զինծառայողներին Ուկրաինա ուղարկելն անվանել է «կարմիր գիծ», որն անթույլատրելի է անցնել, քանի որ «այդ դեպքում անհնար կլինի տարբերակել հումանիտար կամ փրկարարական առաքելությունը և մարտական գործողությունը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի «ապառազմականացման և ապաշրջափակման» հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







