Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, և նպատակը հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի նկատմամբ օկուպացիա իրականացնելն է։ Իսկ Հայաստանի իշխող ուժն իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար։ ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Հավաքվել ենք «ոչ» ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար»,- ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ Արցախի մեծ թվով բնակավայրեր կրակահերթերի և սպառնալիքների ներքո են։ Աբրահամյանը մատնանշեց, որ ադրբեջանցիներն արցախցներին կոչ են անում հեռանալ իրենց բնակավայրերից, իսկ գազատարի պայթեցման հետևանքով արցախիները գտնվում են ծանր վիճակում, Արցախում էներգետիկ ճգնաժամ է։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՀԿ Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացրել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
ՀՀԿ-ու ՀՅԴ-ի երիտասարդները դատարկաձեռն չէին գնացել ԱԳՆ-ի մոտ հայտարարված բողոքի ակցիային։
Ակցիայի մասնակիցները նախարարության շենքից երթով շարժվեցին կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







