ԱՄՆ վարչակազմը դեռ ոչ մի որոշում չի կայացրել ռուսական նավթի ներկրման արգելքի հնարավորության վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Այս պահին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ մի որոշում չի կայացրել ՌԴ-ից նավթի ներմուծումն արգելելու մասին։ Այդ քննարկումները շարունակվում են ներսում [ԱՄՆ-ի], ինչպես նաև մեր գործընկերների հետ՝ Եվրոպայում և աշխարհում», — ասել է նա: Մասնավորապես, ինչպես պարզաբանել է Փսակին, Բայդենն այդ հարցը քննարկել է երկուշաբթի ավելի վաղ իր եվրոպացի մի շարք գործընկերների հետ:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակում Թեհրանի հետ քննարկում է նավթի մատակարարումների հետ կապված հարցերը: Բացի այդ, Փսակին հաստատել է, որ ամերիկյան պատվիրակությունն ավելի վաղ այցելել է Վենեսուելա, որտեղ, ի թիվս այլ բաների, քննարկել է էներգետիկ անվտանգության թեման:
Ամերիկյան վարչակազմը չի հստակեցնում՝ պատրաստ է արդյոք Բայդենը պաշտպանել Կոնգրեսի անդամների նախաձեռնությունը, որը նախատեսում է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունների կասեցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







