Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքից մոտ 200 հազար խաղաղ բնակիչների տարհանման այսօրվա փորձը ձախողվել է: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ԿԽՄԿ հայտարարությանը:
«Մոտ 200 հազար մարդու տարհանումն սկսելու այսօրվա երկրորդ փորձը դադարեցվել է։ Երեկ և այսօր ձեռնարկված անհաջող փորձերը ընդգծում են հակամարտության կողմերի միջև գործող համաձայնագրի բացակայությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







