Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առաջիկա ժամերին աշխատել Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման ուղղությամբ, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:
«Նախագահները պայմանավորվել են աշխատել, որպեսզի առաջիկա ժամերին տեղի ունենա եռակողմ կոնտակտային խմբի հանդիպում՝ նպատակ ունենալով բոլոր շահագրգիռ կողմերից հասնել շփման գծում կրակի դադարեցման հանձնառությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները նաև պայմանավորվել են վերսկսել աշխատանքը «նորմանդական ձևաչափի» շրջանակներում՝ վերջին օրերին Ուկրաինայի կողմից արված առաջարկների հիման վրա: Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հասնել ապաէսկալացման և խաղաղություն պահպանել Ուկրաինայի արևելքում:
Նրանք նաև պայմանավորվել են ինտենսիվ դիվանագիտական աշխատանք իրականացնել: Առաջիկա օրերին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նշվում է, որ այդ նպատակով Փարիզում կանցկացվեն մի քանի խորհրդակցություններ։
Բացի այդ, Մակրոնը և Պուտինը պայմանավորվել են ուժեղացնել դիվանագիտական աշխատանքը՝ նպատակ ունենալով Եվրոպայում նոր աշխարհակարգի սահմանման համար գագաթնաժողովն անցկացնել բարձր մակարդակով, ասված է Ելիսեյան պալատի կոմյունիկեում:
Գործակալությունը նշում է, որ իրավիճակը Դոնբասում սրվել է վերջին մի քանի օրերին, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է դեպի ՌԴ Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Շաբաթ առավոտյան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







