ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գյուղերում իրականացված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ տեսանյութ է տարածել։ Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար նախատեսված ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը:
Սոթքում ևս ջրի մեծ խնդիր կա. ջրավազանը, որից ջրագծով պետք է բերվի ջուր, գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության ներքո:
Ջաղացաձորում ադրբեջանական ներխուժումներից հետո 100 հա արոտավայր գտնվում է դիտարկման ներքո, որն անհնարին է դարձրել մարդկանց կողմից այդ տարածքների օգտագործումը։ Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ նշել են, որ ստիպված են եղել վաճառել իրենց կենդանիները կամ դրանց մի մասը, քանի որ չեն կարողանում խոտի ձմեռվա անհրաժեշտ պաշար հավաքել. եթե առաջին տարին կարողացել են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, ապա այս տարի բարդություններն ավելանալու են: Ավելին, քանի որ գարուն է մոտենում, մարդկանց անհանգստացնում են անվտանգության հարցերը, իրենց հողատարածքները մշակելու, արոտավայրերում կենդանիներին արածեցնելու անհնարինությունը:
Օրինակ` Նորաբակում մարդիկ, իրենց հաշվարկով, զրկվել են 1300 հա արոտավայրից, վարելահողից, խոտհարքից: Բացի սրանից` ևս 200 հա դարձել է անօգտագործելի. սրանք այն հողատարածքներն են, որոնք գտնվում են ադրբեջանական տեղակայումների հարևանությամբ, բայց մարդիկ չեն կարողանում օգտագործել, քանի որ դիտարկման տակ և կրակոցներ են արձակվում: Այսինքն` գյուղի բնակիչները զրկվել են նշված տարածքների նկատմամբ իրենց սեփականության օրինական իրավունքներից: Այս ամենից զատ, գյուղերը դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից (հատկապես Կութ, Նորաբակ, Սոթք և մի շարք այլ գյուղեր):
Մանրամաասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







