Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։ Այս մասին Facebook-ում հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։
«Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։ Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն»,- նշված է պաշտպանների տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է երկու ամսով:
Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







