Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային հարթակներում փոխգործակցության առկա բարձր մակարդակի կապակցությամբ։
Մտքեր են փոխանակվել առևտրատնտսական կապերի ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Եգիպտոս համագործակցությանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







