Գազայի հատվածում, Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին 277 քաղաքացիական անձ է զոհվել Իսրայելի հետ դիմակայության ընթացքում: ТАСС-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Կայլեն։
«Արևելյան Երուսաղեմի, Արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչների դեմ իսրայելական բարբարոսական ագրեսիան վերջին շաբաթներին դարձել է 277 քաղաքացիական, այդ թվում 70 երեխաների և 40 կանանց մահվան պատճառ, 8 500 մարդ տուժել է», — նրա խոսքը մեջբերել է գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ գերատեսչությունն այժմ ուսումնասիրում է շտապօգնության մեքենաների և բժշկական կետերի դեմ բռնության 89 դեպք։ Բացի այդ, նա նշել է, որ Իսրայելի հրթիռային հարվածների թիրախները դարձել են հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ, երկու բժիշկներ սպանվել են Գազայի հատվածում, մեկը դեռևս գտնվում է ծանր վիճակում, բժշկական անձնակազմի շատ աշխատակիցներ վիրավորվել են:
Գործակալությունը հիշեցնում է, որ մայիսի 21-ին ուժի մեջ է մտել Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարի ռեժիմը, որոնք 11 օր շարունակ հրթիռակոծել են հարակից տարածքը:
Գազայի հատվածից հրթիռների արձակումները հաջորդել են Արևելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որոնք սկսվել էին Շեյխ-Ջարախ թաղամասում գտնվող Արաբական ընտանիքներից տներ առգրավելու մասին իսրայելական դատարանի որոշման պատճառով: Այդ ընթացքում հրեական պետության տարածքում ավելի քան 4 հազար հրթիռ է արձակվել, ի պատասխան իսրայելցի զինվորականները անկլավում հարյուրավոր թիրախներ են ռմբակոծել: Իսրայելական կողմից զոհվել է 13 մարդ։ Այդ ընթացքում անկլավում ամբողջությամբ ավերվել է շուրջ 1 800 միավոր բնակարան, մասամբ վնասվել է՝ 16 800-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







