Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ կայուն իրավիճակը պահպանելու և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը:
«Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է` կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային։ Հետևելով այս կանոններին` մենք հնարավորություն կունենանք կանխել հիվանդության տարածումն ու չվերադառնալ ավելի խիստ սահմանափակումների»,-նշում են նախարարությունից:
Նշենք, որ վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



